Ս/թ. սեպտեմբերին Անջելես-Քրեստ մայրուղում՝ այնտեղ նետված մեքենայից ոչ հեռու, հայտնաբերված մարմնի մնացորդները նույնականացրել են. դրանք 24-ամյա հայ Գեւորգ Բոյաջյանին են պատկանում, որը հինգ ամիս առաջ անհետ կորել էր։
«Burbank Leader»-ը հայտնում է, որ փորձագետները չեն կարողացել պարզել մահվան պատճառները՝ դիակի վիճակի պատճառով։ Բըրբենքի ոստիկանության համաձայն՝ ավտոպատահարի պատճառների հետաքննությունը շարունակվում է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 24-ամյա Գեւորգ Բոյաջյանը հուլիսի 20-ին առավոտյան 7:30-ին տանից դուրս է եկել, նրա հագին եղել են ջինսե սեւ տաբատ եւ սեւ վերնահագուստ: Մի որոշ ժամանակ նա իր մորը հայտնել է, որ կվերադառնա, սակայն կոնկրետ ժամանակ չի նշել: Ավելի ուշ նրա հեռախոսից ընկերոջը նամակ է ստացվել. «Զանգահարի՛ր ինձ»: Այդ պահից ի վեր նրանից լուր չկա: Ընտանիքի անդամների խոսքով, այդ պահից նրա հեռախոսը անջատված է, չի օգտվել կրեդիտ քարտից, չի հայտնաբերվել հիվանդանոցներում ու բանտերում:
Երկու ամիս անց Բոյաջյանի «Lexus» մակնիշի սպիտակ սեդանը հայտնաբերվել էր Անջելես-Քրեստ մայրուղում։ Հավանաբար մեքենան այդտեղ հայտնվել էր ավտոպատահարի արդյունքում։





























