23-ամյա  Լիլիթ Թ.-ն ոստիկանությանը հայտնել է, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերը ատրճանակով սպառնացել է սպանել իրեն եւ կրակել է ջրի մեջ: Աջափնյակ եւ Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Լիլիթ Թ.-ն, սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ,  գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերը` Մկրտիչ Թ.-ն ատրճանակով սպառնացել է սպանել իրեն եւ կրակել է ջրի մեջ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333   հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է): Այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը  2 տարի ժամկետով: 

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: