21-ամյա Հարություն Կ.-ն մեղադրվում է Սյունիքի մարզում 3 հոգու տուն թալանելու մեջ, որոնցից մեկն ԱՄՆ քաղաքացի է: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 21-ամյա Հարություն Կ.-ն, ցանկապատի վրայով մագլցելու եղանակով, Կապան քաղաքում ապօրինի մուտք է գործել ԱՄՆ քաղաքացի Մարիսա Միթչելի վարձակալած տան բակ, այնուհետեւ պատուհանի ապակին տեղահան անելու միջոցով մուտք գործել տուն` գողացել զգալի չափերով 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ արծաթյա զարդեր, կանացի 1 գլխարկ, արեւային ակնոց եւ լամպ:
Բացի այդ, նա մուտք է գործել Ասլան Մարգարյանին պատկանող տունը` գողացել զգալի չափի 42500 դրամի արժողությամբ 17լիտր թթի օղ, Էլեկտրական շաղափ եւ գազօջախ:
Բացի այդ, նա ապակին կոտրելու միջոցով ապօրինի մուտք է գործել Կարեն Առաքելյանին պատկանող տունը եւ գողացել զգալի չափերի 100 հազար դրամ արժողությամբ ոսկյա 2 խաչ, 1զույգ ականջողեր, բջջային 2հեռախոս, հեռադիտակ խնայտուփ, որի մեջ եղել են 5000 դրամի մետաղադրամ եւ 20 լիտր տարողությամբ ապակյա տարրա:
Քրեական գործ է հարուցվել 177 հոդվածի 3 -րդ մասի 1.1-ին կետով (գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 27-ին:





























