ՅՈՒԿՕՍ-ի նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին իրեն ներում շնորհելու մասին իմացել է նորությունների թողարկումից, որը դիտում էր կարելիական գաղութում: Այդ մասին գործարարը հայտնել է «Դոժդ» հեռուստաալիքիի հաղորդավար Քսենիա Սոբչակին տված առաջին հարցազրույցում ազատ արձակումից հետո:
Խոդորկովսկու խոսքով, երբ նա լսել է մոտ ժամանակներում իրեն ազատ արձակելու մասին Պուտինի հայտարարությունը, նա հասկացել է, որ խոսքն «արդեն կայացած իրողության մասին է»: Գործարարը ենթադրել է, որ ամենայն հավանականությամբ, իրեն ազատ կարձակեն մի քանի օրվա ընթացքում, «քանի դեռ լրագրողները չեն հասցրել ժամանել»:
Նրա խոսքով՝ նա պառկել է քնելու, եւ գիշերը ժամը երկուսին կամ երկուսն անց կես նրան արթնացրել է գաղութի տնօրենը. «Միխայիլ Բորիսովիչ, խնդրեմ, հավաքեք Ձեր իրերը»:
ՔսենիաՍոբչակին տված հարցազրույցում նախկին օլիգարխը նշել է նաեւ, որ ՅՈՒԿՕՍ-ի գործն ավարտված չի համարում: «Քանի դեռ Պլատոն Լեոնիդովիչը (Լեբեդեւը) եւ Պիչուգինը ազատազրկման մեջ են, ՅՈՒԿՕՍ-ի գործը չի կարող ավարտված համարվել: Այն կշարունակի ինձ համար լուրջ մտորումների եւ ջանքերի առարկա մնալ», - ասել է նախկին բանտարկյալը: Խոսելով իրեն ներում շնորհելու միջնորդության, նրա ազատ արձակման գործում Գերմանիայի նախկին արտգործնախարար Հանս - Դիտրիխ Գենշերի դերի մասին, ով բանակցություններ էր վարում Վլադիմիր Պուտինի հետ, Խոդորկովսկին նշել է, որ «կար մի ընդհանուր նպատակ` աստիճանաբար պետք ՅՈՒԿՕՍ-ի գործն ինչ - որ կերպ ավարտել»:
Խոդորկովսկու խնդրանքով իր հարցազրույցն ամբողջությամբ կցուցադրեն «Կենդանի Սոբչակը» հաղորդման շրջանակներում միայն մեծ մամուլի ասուլիսից հետո: Նախքան իր հիմնական մամուլի ասուլիսը, որը կանցացվի այսօր Բեռլինի Պատի թանգարանի մոտ տեղական ժամանակով ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով 16:00), Խոդորկովսկին կհանդիպի նաեւ լրագրողների նեղ շրջանակի հետ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը ստորագրել է Խոդորկովսկու ազատ արձակման միջնորդությունը: Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նախկին օլիգարխը 10 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվելուն պես մեկնել է Գերմանիա:





























