Աբխազիայի  փոխնախագահ Միխայիլ Լոգուան նամակ է  գրել նախագահ Ալեքսանդր Անկվաբին, որում հայտնել է առողջական խնդիրների պատճառով պաշտոնը լքելու մտադրության մասին:

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է պետության ղեկավարի աշխատակազմի լրատվական բաժնի աշխատակից Մադինա Բգանբան:

«Միխայիլ Լոգուան Ալեքսանդր Անկվաբին շնորհակալություն է հայտնել  համատեղ աշխատանքի համար եւ խնդրել ըմբռնումով մոտենալ եւ աջակցել իր հրաժարականի որոշմանը», -ասել է Բգանբան: Ըստ նրա՝ Լոգուան Անկվաբին նամակում վստահեցրել է, որ միշտ էլ եղել է եւ կմնա  «քաղաքակիրթ, բարեկեցիկ պետության կառուցման կողմնակից, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի հավասարապես կօգտվի դրա առավելություններից»:

«Չի կարելի չտեսնել, թե որքան բան է արվել 2005թ. այդ ճանապարհին: Ես ինքս գիտեմ, թե ինչպիսի լարված ռեժիմով եք Դուք աշխատել: Ցավում եմ, որ առողջությունս թույլ չի տալիս աշխատել Ձեզ հետ՝ երկրի համար այսքան բարդ ժամանակահատվածում», - ասվում է Լոգուայի նամակում:

Բգանբան նաեւ հայտնել է, որ Անկվաբն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լոգուայի հետ, որը բուժվում է Մոսկվայում: