Լիբիացի գրոհայինները շրջափակել են Տրիպոլիում գտնվող կենտրոնական բանկի շենքը եւ քաղաքային նավահանգստի մուտքը՝ պահանջելով վարչապետ Ալի Զեյդանի անհապաղ հրաժարականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:

Լիբիացի նախկին ապստամբ խմբավորումների անդամները դեկտեմբերի 26-ի առավոտյան ավտոմեքենաներով  ժամանել են  կենտրոնական բանկի մոտ, փակել մուտքը եւ բանկի աշխատակիցներին կոչ արել տուն վերադառնալ: Ավելի ուշ համանման սցենարով փակել են Տրիպոլիի նավահանգստի մուտքը:

Իր հերթին Լիբիայի վարչապետը հայտարարել է, որ ճնշմանը տեղի չի տա եւ հրաժարականի միտք չունի: Զեյդանի խոսքով, իրեն պաշտոնից հեռանալ կստիպի միայն Լիբիայի ժամանակավոր խորհրդարանը:

Վարչապետից գրոհայինների դժգոհության պատճառը կառավարության գործողություններն են՝ ուղղված երկրում իշխանության կենտրոնացմանը եւ զինված խմբավորումների զինաթափմանը, որոնք Լիբիայի տարածքում գործում են 2011 թվականից: