Ռուսական ավիաբազան Բելառուսի տարածքում կգտնվի ոչ անվճար. երկու երկրները կորոշեն գումարի չափը, որը կվճարի ռուսական կողմը՝ այդ ռազմակայանների օգտագործման համար: Այս մասին հայտարարել է Բելառուսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Սուրիկովը:
«Կքննարկվեն վճարման հարցերը. Ռուս զինվորականները օգտագործում են ոչ միայն թռիչքուղին եւ կայանատեղիները: Նրանք օգտագործում են նաեւ էլեկտրականությունը եւ ջուրը: Անվճար բաներ չեն լինում»,-ասել է դեսպանը:
Սուրիկովի խոսքով՝ ռուսական «Սու-27» կործանիչների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Բելառուսի Բարանովիչի օդանավակայան: Վերջնականապես ռազմակայանը կձեւավորվի 2014-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ 2013-ի գարնանը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Բելառուս կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է 2015-ին Բելառուսի տարածքում կործանիչների ավիագունդ տեղակայել:




























