2012թ.-ին Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 900 մլն դոլար, հաղորդում է «ՌադիոԱզադլիգը»՝ վկայակոչելով երկրի հաշվիչ պալատի հաշվետվությունը:

Հաղորդում են, որ պարտքը գոյացել է այնպիսի խոշոր ենթակառուցային նախագծերի իրականացման հաշվին, ինչպես ճանապարհների կառուցում, աղբի վերամշակման գործարանի շինարարություն, անցում թոշակների տրամադրման քարտային համակարգի, հաղորդակցության համակարգի փոփոխություն, ջրամատակարարման նոր ուղիների անցկացում եւ այլն:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանը 2013թ.-ի սկզբին ստացել է 77 մլրդ 745 միլիոն դոլարի չափով վարկ:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանում հաճախ միեւնույն նախագծի վրա ծախսում են միջոցներ ինչպես բյուջեից, այնպես էլ միջազգային բանկերի տրամադրած վարկերից: Տեղացի փորձագետների կարծիքով՝ երկրի պարտքի թվի աճի վրա առաջին հերթին ազդում է միջոցների աննպատակ վատնումը:

«Պետական ներդրումային նախագծերում կան ծախսեր, որոնք նպատակները պարզ չեն եւ որոնք այդքան էլ կարեւոր չեն նախագծի իրականացման համար: Օրինակ, գերատեսչություններին միջոցներ են տրամադրվում արդեն գոյություն ունեցող վարչակն շենքերի շինարարության համար: Արտաքին վարկերն ուղղվում են մի քանի պաշտոնյաների կողմից «ղեկավարվող» ոլորտներ: Լինում են դեպքեր, երբ կրկնակի վարկ են ստանում միեւնույն նախագծի համար: Մի քանի տարի առաջ երկգիծ Հաջիգաբուլ-Քյուրդամիր մայրուղու շինարարության համար նոր վարկ էր ստացվել՝ արդեն ընդլայնելու համար, իսկ նախորդն ամբողջովին  քանդել էին»,- ասել է փորձագետ Զոհրաբ Իսմաիլը, հաղորդում է haqqin.az-ը: