Ֆրանսիական տպագիր պարբերականների համար անցնող 2013 թվականը «սեւ տարի» էր: Անցնած 10 ամսվա ընթացքում ավելացել են բացասական միտումներն ինչպես կենտրոնական, այնպես էլ շրջանային մամուլում: Ճգնաժամն անդրադարձել է թերթերին ու ամսագրերին: Այդ մասին են վկայում Տպաքանակի վերահսկողության վարչության տվյալները:

Կրճատվել է Le Figaro եւ Le Monde թերթերի տպաքանակը, վաճառքը նվազել է 3-5 տոկոսով, իսկ Le Parisien թերթի տպաքանակը՝ 10 տոկոսով, ինչի հետեւանքով ֆինանսական կորուստը կազմել է նվազագույնը 17 մլն եվրո, Liberation-ինը՝ 16 տոկոսով, որը կորցրել է 1 մլն եվրո:

Վատթարացել է սպորտային L'Equipe պարբերական տպաքանակի դրությունը: Բացառություն է կազմում կաթոլիկ La Croix թերթը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, ճգնաժամն անդրադարել է շրջանային 66 օրաթերթի եւ 200 շաբաթաթերթի: Նվազել են ֆրանսիական 360 ամսագրերի եկամուտները:

Եկամուտների կրճատման հիմնական պատճառ համարվում է ճգնաժամի պայմաններում գովազդներից ստացվող եկամուտների զգալի կրճատումը: Համաժողովրդական թերթերի համար այն հասել է 10 տոկոսի, շրջանային օրաթերթերի համար՝ 6 տոկոսի: Պատճառ է նաեւ այն, որ երիտասարդները գերադասում են տեղեկությունները ստանալ համացանցից կամ բջջային հեռախոսների օգնությամբ:

Նման պայմաններում պարբերականները փորձում են կուրուստները փոխհատուցել իրենց ինտերնետ կայքերում պարունակության ընդլայնմամբ: Սակայն եկումուտների աճը չի բավականացնում: Հաղորդում են, որ ֆրանսիական լրատվամիջոցների խմագրությունները շարունակել են անձնակազմի կրճատումը. Այս տարի թերթերը եւ ամսագրերը կկորցնեն նվազագույնը 300 աշխատատեղ: