Ղրղըզստանի արվեստների ազգային թանգարանից գողացել են Հովհաննես Այվազովսկիի «Ծովապատկեր Ղրիմում» կտավը, որը հայտնի ծովանկարիչը նկարել է 1866 թվականին:
47х53,5 սմ չափերով այդ յուղանկարը գտնվում էր թանգարանի երկրորդ հարկում, որտեղ հայտնվել էր դեռեւս խորհրդային տարիներին՝ 1955-ին:
ՆԳՆ Բիշքեքի գլխավոր վարչությունից հայտնել են, որ դեկտեմբերի 27-ին, Ղրղըզստանի գեղարվեստի ազգային թանգարանի աշխատակիցները կորպորատիվ հավաքույթ են կազմակերպել, որն ավարտվել է բավական ուշ:
Առավոտյան պարզվել է, որ կորել է Այվազովսկիի կտավը: Թանգարանի աշխատակիցները սկզբում փորձել են իրենց ուժերով գտնել նկարը, բայց երկուշաբթի առավոտյան դիմել են ոստիկանություն:
Ոստիկանները հեռախոսահամարներ են տարածել, որով կարող են կտվի մասին որեւէ տեղեկություն ունեցողները զանգահարել եւ տեղյակ պահել: Ոստիկանները խոստանում են զանգահարողի անանունություն ու անվտանգությունը:
Նշենք, որ Այվազովսկիի «Ծովապատկեր Ղրիմում» կտավը գնահատվում է 2 մլն սոմ (մոտ 40 հազար դոլար): Այս մասին «Կաբրա» գործակալությանը հայտնել է թանգարանի տնօրեն Յուրիստանբեկ Շիգաեւը:





























