Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երեւանի քաղաքապետարանը Ամանորին ընդառաջ երեւանաբնակ 30-ից ավելի փոքրիկների անակնկալ է մատուցել. նվերները, որոնք երեխաներն իրենց նամակներում խնդրել էին Ձմեռ Պապից, ստացան Ամանորի նախօրեին։ Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արդեն երկրորդ տարին է, որ փոքրիկ երեւանցիների՝  Ձմեռ Պապին հասցեագրած, փոստով ուղարկված նամակները հասնում են Երեւանի քաղաքապետարան։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգ է տարել, որ բոլոր երեխաները ստանան սպասված նվերները։

Ընդ որում, պետք է ընդգծեմ, որ անցյալ տարի 10 նամակ էինք ստացել, մինչդեռ այս տարի նամակների թիվը գերազանցել է 30-ը։ Աղջիկները հիմնականում տիկնիկ էին խնդրել Ձմեռ Պապից, իսկ տղաները՝ խաղալիք մեքենաներ եւ թաբեր, պլանշետներ»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը, ով համակարգել է նամակներով ակնկալվող նվերների հանձնման գործընթացը։