Ճգնաժամը հաղթահարելու համար Եվրամիության երկրները պատրաստակամություն են հայտնել Հունաստանին 30 մլն եվրո հատկացնել։ Այս մասին հայտնել է Եվրախմբի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը։ Նրա խոոսքով, վարկը Հունաստանին կտրամադրվի 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով։
Ինչպես հայտնում է AP-ն, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, մեկնաբանելով ֆինանսների նախարարների որոշումը, հայտարարել է, որ Եվրագոտին լրջորեն է մոտենում իր ֆինանսական կայունության հարցին։ Բարոզուն վստահություն է հայտնել, որ այս քայլը թույլ կտա Հունաստանին հաջողությամբ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը։ Իր հերթին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն ողջունել է ընդունված որոշումը։
Հունաստանի արտաքին պարտքը կազմում է 300 մլրդ եվրո։ Նրա բյուջեի ճեղքվածքը մոտենում է 13 տոկոսի։ Դա մի քանի անգամ գերազանցում է եվրագոտու երկրների «ստանդարտ» մակարդակը։ Յորղոս Պապանդրեուի կառավարությունը հայտարարել է խիստ տնտեսություն վարելու, այդ թվում՝ սոցիալական ծախսերի կրճատման մասին, ինչը հունական քաղաքներում բողոքի զանգվածային գործողությունների պատճառ է դարձել, նշում է «Գոլոս Ռոսսիին»։



























