Արդեն ամիսներ շարունակ, այդ թվում՝ նոյեմբերին, Երեւանի «Կենտրոն» էլիտար շրջանում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը մնում է միեւնույն մակարդակում՝ 428 հազար դրամ: Համենայն դեպս, դա են վկայում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները: Նկատենք, որ այդ միտումը դիտվում է նաեւ այս տարվա սկզբին: Որոշ ռիելթորական ընկերություններ կտրականապես համաձայն չեն, որ բնակարաններն ու առանձնատները մայրաքաղաքում գնալով թանկանում են: Համենայն դեպս, իրենց գործունեության շրջանակներում նրանք նման երեւույթ չեն գրանցել:
Ներկայիս վարչապետի ու Հայաստանի երկրորդ նախագահի միջեւ ծագած բանավեճի ընթացքում վերջինս իր կարծիքն է արտահայտել բնակարանաշինության ու առհասարակ բնակարանի շուկայի վերաբերյալ: ասնավորապես, նախկին նախագահը շինարարության անկումը բացատրել է «բնակչության զանգվածային արտահոսքով», ճյուղի գրավչության նվազումով՝ կապված սպառողական պահանջարկի անկման ու գների նվազման հետ:Ըստ նրա, «մեկնում են նոր բնակարանների պոտենցիալ գնորդները», իսկ նրանց բնակարանն ավելացնում է երկրորդային շուկայի առաջարկությունը:
Հիշեցնենք, որ մինչեւ Հայաստանի համար մինչճգնաժամային 2009թ, «բնակչությունը» միլիարդավոր դոլարներ էր ծախսում շինարարության վրա: Բնակչության զբաղվածության, հայրենական արտադրության ու շինանյութերի վաճառքի աջակցության տեսանկյունից, դա, անկասկած, դրական երեւույթ է: Հայտնի է, որ մերեւ տնտեսությունը, հատկապես, դրա՝ ներկրմանը փոխարինող ճյուղերը, ներդրումների խիստ կարիք ունեն: Ուստի պալատներ կառուցելու վրա ծախսվող միլիարդները դժվար է որպես ռացիոնալ գնահատել:
Բնակարանային շուկայում առաջարկի հետ կապված խնդիրներ չկան: Այնպես որ վերջին տարիների բացասական միտումները կապված են հենց սպառողական պահանջարկի հետ: Երկրորդ նախագահը դա բացատրում է թե բնակչության արտագաղթով, թե մեր քաղաքացիների «տրամադրությամբ»: Վերջին կատեգորիան, ըստ նրա, ներառում է «ապատիան, անելանելիության զգացումը, երկրում հեռանկարի հանդեպ անհավատությունը»: Կարելի է կարծել, որ դժվար է հակառակվել այդ ճշմարտություններին:
Բացի «Կենտրոն» շրջանից, մյուս շրջաններում գների աննշան աճ է գրանցվել: Ըստ որում, Երեւանի եւ ոչ մի ծայրամասում գների անկում չի եղել: Թե ինչով է պայմանավորված «բնակարանների» այդ թանկացումը այն պայմաններում, երբ առաջարկն ակնհայտորեն գերազանցում է պահանջարկը, «անհասկանալի է»:





























