Հայաստանի ԱԻՆ-ում հունվարի 5-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ Տ.Պ.-ին պատկանող «РВ ԳԱԶ» ՍՊԸ գազալցակայանում այրվում է գազի կուտակման տարաների տեղակայման շինության առաստաղի մեկուսիչ շերտը (15քմ), գազի տարրաներից առկա է արտահոսք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 19.55-ին:

Ժամը 21.35-ի դրությամբ գազի արտահոսքը դադարեցվել է, վտանգը վերացվել է:

Հրդեհի հետեւանքով դեմքի եւ ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 58-ամյա Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: