Հայաստանում արևմտյան տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) գործարկումից հետո ԱՄՆ-ը հասանելիություն կունենա հայաստանյան պետական հիմնարկների, ընկերությունների և քաղաքացիների տվյալներին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

«Հաշվի առնելով, որ Firebird ընկերությունը ենթարկվում է ամերիկյան օրենսդրությանը, ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են մուտք ունենալ նրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին։ Սա նշանակում է, որ Հայաստանի պետական հիմնարկների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության», — նշել է Շևցովը։

Նման կենտրոնները, ըստ Շևցովի, կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքների համար (այդ թվում Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի երկրների դեմ)։

«Ընդգծեմ, որ Հայաստանի ներքին կարիքների համար Հրազդանի այդ օբյեկտն ակնհայտորեն ավելորդ է, քանի որ երկրում 2024 թվականից գործում է «Ռոստելեկոմին» պատկանող OVIO տվյալների կենտրոնը, որն ամբողջությամբ բավարարում է տվյալների պահպանման առևտրային և պետական կառույցների պահանջարկը», — հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շևցովը նաև հիշեցրել է, որ այս տարվա օգոստոսի սկզբին Հրազդանում բացվել է Nvidia պրոցեսորներով աշխատող Firebird AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը։