Լիտվան 100 զինվորական է ուղարկել Կալինինգրադի մարզի հետ սահմանը հսկելու համար։ Այս մասին LRT-ին հայտնել է Պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 7-ին՝ Ներքին գործերի նախարար Մարտինաս Կատելինասի դիմումից հետո։ Վերջինս նման խնդրանքով դիմել էր Լատվիա-Բելառուս սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառով, որտեղ զինված անձանց ուղեկցությամբ 20 հոգի փորձել էին ապօրինի հատել Եվրամիության սահմանը։ Կաունասը նշել է, որ «կանխարգելիչ նպատակով» է թույլատրել զորքի անհապաղ տեղակայումը Կալինինգրադի մոտ՝ հաշվի առնելով «Ռուսաստանում հնարավոր զորահավաքի պատճառով ագրեսիվ տրամադրված օտարերկրացիների ներհոսքի» ռիսկը։

Զինվորականները տեղում պետք է լինեին դեռ երեկ երեկոյան։ Նախնական տվյալներով՝ վաշտը սահմանին կմնա երկու շաբաթ, սակայն անհրաժեշտության դեպքում Լիտվայի իշխանությունները կարող են ավելացնել թե՛ զորքի քանակը, թե՛ տեղակայման ժամկետը։ «Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Ռուսաստանում մոբիլիզացիա է պլանավորվում։ Շատ հավանական է, որ ՌԴ քաղաքացիները կփորձեն փախչել դրանից։ Այդ դեպքում նրանք կարող են գնալ կա՛մ Լեհաստան, կա՛մ Լիտվա, ուստի մենք պետք է հոգ տանենք մեր անվտանգության մասին։ Մեր նպատակն է սահմանին առավելագույն պաշտպանություն ապահովել», — ընդգծել է նախարարը։

Կաունասը նաև հավելել է, որ ի տարբերություն Բելառուսի հետ սահմանի՝ Կալինինգրադի հատվածում չկան պատնեշներ կամ ցանկապատեր, ուստի ստիպված են եղել սահմանի պահպանության համար լրացուցիչ մարդկային ուժեր ներգրավել։