Հայկական կողմը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հիմնախնդրի գոտում ուժի կիրառումը կանխելու համար: Այս մասին հունվարի 9-ին լրագրողներին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն այդ քայլերից նշել է մարտունակության բարձրացմանն ուղղված, տեխնիկա եւ սպառազինություն գնելու ուղղությամբ տարվող միջոցառումները, ստորաբաժանումների անձնական ուսուցումը եւ համակարգումը: Ըստ նրա՝ կատարված աշխատանքի արդյունքները տեսանելի են նաեւ միջազգային զորավարժությունների ընթացքում:
«Մենք զարգացնում ենք ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը: Հետեւողականորեն ամրապնդում ենք ինժեներական սարքավորումները: Այնուամենայնիվ, փոքր միջադեպեր կամ ոտնձգություններ եղել են եւ կան: Ձմռանը դրանք ավելի քիչ են», - հայտնել է Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա՝ վերջին երկու ամիսներին ավելի քիչ միջադեպեր էին եղել նաեւ այն պատճառով, որ հայկական կողմը վճռել էր պատասխանել թշնամու սադրանքներին: Չնայած փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում վերջիններս լկտիանում են, իսկ լկտիությունը պետք է պատժել, հավելել է նախարարը, նկատի ունենալով անցյալ տարվա վերջին տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանվել էր հայ ժամկետային զինծառայող Հրանտ Պողոսյանը:





























