«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, որն անցկացնում է իր 8-րդ համագումարը ընդունել է բանաձեւ, որում մասնավորապես ասվում է.
"1998թ.-ին հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը բռնազավթած խունտան, Ղարաբաղի հարցի շահարկմամբ և հաղթողական հռչակված կեցվածքով (8 հազ ք/կմ հարակից տարածքներով Ղարաբաղ), չհանդուրժելով որևէ այլախոհություն, որդեգրեց իրենց իշխանությանը վտանգ ներկայացնող քաղաքական ու պետական գործիչներին վերացման քաղաքականություն, որի տրաբանական հանգուցալուծումն հանդիսացավ 1999թ. հոկտեմբերի 27-ը:
Վարչախումբը տարիներ շարունակ սպասարկելով գերտերությունների շահերը, կեղծեց բոլոր տեսակի ընտրությունները, և ձևավորեց իմիտացիոն` կեղծ ժողովրդավարական, բռնապետական համակարգ: 12 տարիների ընթացքում ռեժիմի վարած քաղաքականությունը հանգեցրեց հասարակության սոցիալական վիճակի ծայրահեղ բևեռացման` մի կողմից քրեագործ գերհարուստներ, մյուս կողմից` ունեզրկված ժողովուրդ:
Վտանգված է պետության և քաղաքացիական հասարակության գոյությունը, չեն գործում սահմանադրությունը և օրենքները, վարկաբեկված են պետական բոլոր ինստիտուտները, զանգվածային լրատվամիջոցները վերածվել են ռեժիմին սպասարկող քարոզչամեքենայի:
Շարունակվում է անօրինակության, անպատժելիության ու անբարոյականության մթնոլորտի տարածման քաղաքականությունը, խրախուսվում են քծնանքն ու շողոքորթությունը, ստորաքարշությունն ու ցինիզմը: Վարչախումբը ձգտում է իր ներսում հաստատված ներքին հարաբերությունների ոհմակային կանոները պարտադրել նաև հասարակությանը` փորձելով ոչնչացնել քաղաքացիական հասարակության սաղմերն ու ձևավորել միակերպ մտածող հպատակներ:
2008թ. նախագահական ընտրությունների հերթական ցինիկ կեղծմանն ի պատասխան, համաժողովրդական ընդվզումն ու հասարակության քաղաքացիական կեցվածքը հանգեցնելու էին ավազապետական բուրգի փլուզմանը: Արդյունքում իշխանափոխությունն անխուսափելի էր, եթե ապօրինաբար չմեկուսացնեին քաղաքական լիդերներին ու շարժման ակտիվիստներին, որոնցից 14 քաղբանտարկյալների շարունակում են պահել զնդաններում, և վերջապես, եթե չիրագործվեր մարտի 1-ի սպանդը: Փաստացի իրականացվեց պետական հեղաշրջում:



























