Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չկա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Նա Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումն այդ հարցում լուրջ առաջընթաց չի համարում: «Հակասությունները դեռսեւ շատ խորն են: Ավելին՝ դեռեւս համաձայնություն չկա, թե կողմերը ինչ փաստաթղթի շուրջ են բանակցություններ վաում: Եթե Հայաստանը կրկին ցանկանում է վերադառնալ Մադրիդյան սկզբունքներին, ապա Ադրբեջանը կարծես հրաժարվում է այդ փաստաթղթից ու ցանկանում է իր համար բարենպաստ պայմաններ ապահովել՝ բանակցությունները շարունակելու»,-ընդգծել է Կարապետյանը:
Ըստ նրա, հիմնական տարաձայնությւոնները կապված են հանրաքվեի անցկացման, ինչպես նաեւ Լաչինի կարգավիճակի հետ: «Մասնավորապես, համաձայնություն չկա այն հարցերի առնչությամբ, թե երբ է լինելու հանրաքվեն, ով է մասնակցելու դրան, ինչ իրավական ուժ է այն ունենալու, որ մարմինն է անցկացնելու այն, ինչ հարց է քննարկման դրվելու: Այդ բոլոր հարցերի առնչությամբ երկու կողմերի դիրքորոշումները լիովին տարբեր են»,-նկատել է ընդդիմադիրը:





























