Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճանաչվել է 2013թ.-ի «Տարվա մարդ»: «Նշանավոր» մրցանակը Ալիեւ կրտսերին շնորհել է ընկերությունների ANS խումբը: Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաեւի հիմնադրամի մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պարզվում է, Իլհամ Ալիեւն այդ մրցանակին է արժանացել շնորհիվ նրա, որ «նվաճել է քաղաքացիների վստահությունը, ընտրվել նախագահ, ՄԱԿ ԱԽ նախագահության շրջանում երկրի հեղինակությունը բարձրացրել է համաշխարհային գործընթացաների վրա ազդելու մակարդակի, նրա օրոք Ադրբեջանը տիեզերական տերությունների շարքն է դասվել, պահպանվել են տնտեսական զարգացման տեմպերը, «Շահդենիզ-2» նախագծի իրականացման շնորհիվ կարեւոր դեր է ստանձել Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, Տրանսադրիատիկ ու Տրանսանատոլիական նախագծերի, Եվրոպական միության անդամների հետ իզային ռեժիմի դյուրացման, տարածաշրջանում պաշտոնական Բաքվի կողմից վարած հետեւողական ու սկզբունքային քաղաքականության»:

Այնուհետ Իլհամ Ալիեւին մրցանակն են շնորհել: Պատասխան խոսքում նա հաղորդել է, որ ավանդույթի համաձայն դրամական պարգեւը փոխանցվելու է Զինված ուժերի հիմնադրամին, իսկ իրեն շնորհված ժամացույցը պահվելու է թանգարանում:

Հատկանշական է, որ «անկախ» լրատվամիջոց է հանդես գալիս իշխանություններին մոտ կանգնած տեղեկատվական աղբյուրը: Հետաքրքիր է նաեւ այդ լրատվամիջոցի պատմությունը. անցյալում ընդդիմադիր աղբյուրի փակումից եւ ԵԽ պահանջով կրկին բացումից հետո առեղծվածային կերպով այն դարձավ իշխանությունների կողմից վերահսկելի: