Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:

Դիմելով նիստին մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկի իմաստը փաստաթղթային ուսումնասիրությունների խստացմամբ շրջանառության հարկի 3,5 տոկոսը մինչեւ 1 տոկոս նվազեցնելն է` ապահովելով նաեւ բոլոր գործարքների փաստաթղթավորում:

Տիգրան Սարգսյանը զարմանք եւ տարակուսանք է հայտնել, որ շատ ՓՄՁ-ներ դեմ են այդ առաջարկին: Այս դեպքում խնդիրը պետք է փնտրել ոչ միայն վատ վարչարարության, այլեւ թե ՓՄՁ-ների ստվերային գործունեության, եւ թե խոշոր բիզնեսի ստվերային հոսքերի շրջանառության ապահովման մեջ:

Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է ներկաներին եւս մեկ անգամ քննարկել ներկայացված առաջարկությունները եւ հարցը կրկին ներկայացնել հաջորդ նիստում: