Եգիպտոսի բնակիչների ճնշող մեծամասնությունը (ավելի քան 98 տոկոս) կողմ են քվեարկել նոր սահմանադրության նախագծին: Երկօրյա հանրաքվեի արդյունքները հայտարարել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովը: Հանրաքվեին պետք է հաջորդեն խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:

«Մենք այժմ սահմանադրություն ունենք, իսկ հանրաքվեն բարեհաջող է անցել: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 20 մլն մարդ: Ընտրողների մասնակությունը կազմել է 38,6 տոկոս»,- հայտարարել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Նաբիլ Սալիբը:

 Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները բոյկոտել են հանրաքվեն, հաղորդում է Euronews-ը:

Նախորդ սահմանադրությունն ընդունվել էր 2012թ.-ի դեկտեմբերին՝ իսլամիստների կառավարման օրոք: Այն ժամանակ մասնակցել էր ընտրողների 33 տոկոսը: Եգիպտոսի հիմնական օրենքը դադարել էր գործել անցյալ տարի ամռանը: Նոր սահմանադրության մեջ, մասնավորապես, հավելել են կետ այն մասին, որ նախագահական  առաջիկա երկու կառավարման ժամկետում զինվորականները կորոշեն պաշտպանության նախարարի թեկնածությունն իրենց հայեցողությամբ: