Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թոշակի անցնելուց հետո չի պատրաստվում ֆիլմերում նկարահանվել, նա, հավանաբար, հոկեյով կզբավի: Այդ մասին նա հայտարարել է ռուսական եւ օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում:
Չինական հեռուստաընկերության թղթակցին հայտնել է, որ իր երկրում համացանցից օգտվողները Ռուսաստանի նախագահին համարում են գեղեցիկ ու առնական, եւ հետաքրքրվել է, մտադիր չէ արդյոք Պուտինը թոշակի անցնելուց հետո «խաղալ ուժեղ տղաների ֆիլմերում»: «Դժվար թե: Հնարավոր է, հոկեյ խաղամ»,- պատասխանել է նախագահը:
«Երկուսուկես տարի առաջ ես ընդհանրապես չէի կարողանում չմուշկի վրա կանգնել: Այսօր արդեն, հնարավոր է արդեն տեսել եք, կարողանում եմ ինչ-որ կերպ: Ահա դա ինձ դուր է գալիս: Թոշակի անցնելուց հետո կփորձեմ զբաղվել նրանով, ինչն ինձ դուր է գալիս»,- ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Պուտինը հերթական անգամ նշել է, որ իրեն հաջողվում է մարզական լավ վիճակ պահպանել. չափից ավել չի սնվում, ամեն օր սպորտով է զբաղվում: «Ինչպե՞ս վերահսկել քաշը: Պետք չէ չափից ավել ուտել: Ինչպե՞ս պահպանել մարզավիճակը: Պետք է սպորտով զբաղվել: Այստեղ չկա ինչ-որ կախարդական դեղահաբ»,- նշել է նախագահը:





























