Ուկրաինական ընդդիմությունը հայտարարում է վաղաժամ նախագահական ընտրությունների մասին, հունվարի 19-ին Ժողովրդական վեչեի ժամանակ իր ելույթի ընթացքում հայտարարել է ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
«Մենք հայտարարում ենք վաղաժամ ընտրությունների մասին: Մենք քվեարկություն կանցկացնենք… Մենք կմտնենք նախագահի մոտ ու նրան վերջնագիր կներկայացնենք: Մայդանն արդեն երկու ամիս է շարունակվում, իսկ նա ձեւացնում է, իբր գգոյություն չունի: Այսօր հարցը հետեւյալն է՝ Յանուկովի՞չը կհաղթի, թե Ուկրաինան: Ուկրաինան կհաղթի: Յանուկովիչը մի խումբ մարդկանց հետ պատրաստվում է սեփականաշնորհել երկիրը: Չի ստացվի»,- հայտարարել է նա, հաղորդում է ТСН-ն:
Դրա հետ մեկտեղ Կլիչկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, որպեսզի ընտրություններն արդար անցնեն: Քաղաքական գործիչը դիմել է նաեւ զինվորականներին՝ խնդրելով անցնել ցուցարարների կողմը:
«Սվոբոդայի» նախագահ Օլեգ Տյագնիբոկն իր հերթին առաջարկել է սկսել «իշխանության ժողովրդական մարմինների» ձեւավորման գործընթացը՝ Ռադա, կառավարություն եւ Կիեւի քաղաքային խորհուրդ: Այս օրգանների լեգիտիմացման համար քաղաքական գործիչը կոչ է արել հավաքել Ուկրաինայի միլիոն քաղաքացու ստորագրություն»:
Նշենք, որ այսօր տեղի ունեցած Ժողովրդական վեչեին շատ մասնակիցներ եկել էին դիմակներով ու սաղավարտներով: Այդ կերպ մարդիկ բողոքում են ուկրաինական իշխանությունների ընդունած որոշումների դեմ:

































