Ականավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պետք է կանգնեն դատարանի առջեւ: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ մամուլի ազատության հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ լրագրողի սպանության 7-րդ տարելիցին, հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Սպանությունից յոթ տարի անց այդ սարսափելի սպանության կազմակերպիչները դեռ պատասխան չեն տվել կատարվածի համար: Թուրքական իշխանությունները պետք է կրկնապատկեն ջանքերը եւ անշեղորեն հասնեն արդարության Հրանտ Դինքի ընտանիքի նկատմամբ»,- ասել է Միյատովիչը:
Թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը գնդակահարվել էր 2007թ. հունվարի 19-ին, խմբագրատան առջեւ: 2011թ. սպանության կատարող Օգյուն Սամասթը դատապարտվել էր 22 տարվա եւ 10 ամսվա ազատազրկման:
«Բավարար չէ ազատազրկել ձգանը քաշողին: Այդ հանցագործությունների կազմակերպիչները ոչ պակաս վտանգավոր են: Թուրքիայի արդարադատության համակարգը պետք է քաղաքացիներին ցույց տա, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում»,- ասել է Միյատովիչը:



























