Նորվեգիայի արեւմուտքում գտնվող Լերդալսեյրի քաղաքում հրդեհը սպառնացել է փայտե յուրահատուկ ճարտարապետական կոթողին: Ավելի քան 20 տուն ոչնչացրած հրդեհի հետեւանքով մարդկային զոհեր չկան: 90 մարդու տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ, մեծամասնությունը թունավորվել է ծխից:

Արտակարգ իրավիճակի պատճառը քաղաքի կենտրոնական հատվածի բնակելի տներից մեկի բռնկումն էր: Կրակն ընդհանուր առմամբ ոչնչացրել է 23 շինություն, այդ թվում նաեւ 16 բնակելի: Այրվել են 3 շինություններ, որոնք պատմական փայտե ճարտարապետական համալիրի մաս են կազմում, սակայն կրակի հետագա տարածումը հաջողվել է կանգնեցնել: Համալիրի կազմի մեջ են մտնում 160 տներ, որոնք կառուցվել են 18-րդ եւ 19-րդ դարերում, հաղորդում է NEWSru.com-ը:

Հրդեհը մարելու համար պահանջվել է ուղղաթիռ: Կրակի հետ պայքարը շարունակվում էր 8 ժամ, մասնակցում էր ավելի քան 100 հրշեջ: Այս պահին իրավիճակը վերահսկելի է:

Նորվեգական Լերդալ կոմունան, որտեղ էլ գտնվում է կրակից տուժած քաղաքը, թագավորության արեւմուտքում ընկած ընդարձակ տարածի մաս է կազմում, որը 2005թ.-ին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: