Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին եւ լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին։ Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններով։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին եւ լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի եւ վճռական դատապարտման»,- ասվումէ հայտարարության մեջ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:




























