Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2013 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այսօր կայացել է ԴԱՀԿ խորհրդակցություն, որն ամփոփել է 2013թ. արդյունքները:

Անցած տարի հարուցվել է 123.232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105.570-ի դիմաց. աճը կազմել է 116 տոկոս։ Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 20.079.288.094 դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված եւ վերականգնված 15.461.770.966 դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 129 տոկոս, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3.461.297.695 դրամ՝ նախորդ տարվա 2.761.730.761 դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 125 տոկոս, իրավաբանական անձանց օգտին՝ 10.061.390.746 դրամ, նախորդ տարվա 6.768.605.831 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 148 տոկոս, ֆիզիկական անձանց օգտին՝ 2.821.158.004 դրամ, նախորդ տարվա 2.039.182.862 դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 138 տոկոս:

Ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 21.644 կատարողական վարույթի, նախորդ տարվա 20.008-ի փոխարեն: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը 2013 թ-ին կազմել է 119.101 կատարողական վարույթ, նախորդի՝ 105.159-ի փոխարեն, աճը կազմել է 113 տոկոս։

Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն 2013 թվականին ունեցած ձեռքբերումների, այլեւ բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով, 2013 թվականին կատարված աշխատանքների արդյունքով, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ ապահովող ծառայության 57 աշխատակից արժանացել են տարբեր խրախուսումներ: