Ռուսաստանի ղեկավարությունը հարկադրված է լինելու հաղթահարել ճգնաժամի հետեւանքները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին՝ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Ուկրաինայի քաղաքական ճգնաժամին:
Նրա խոսքով, Ուկրաինային աջակցելը պատերազմ չէ Ռուսաստանի դեմ, այլ օգնություն՝ դառնալու նորմալ հետկայսերական երկիր: «Ռուսաստանի եվրասիական նախագիծը չի լուծի նրա խնդիրները: Վաղ թե ուշ Ռուսաստանում ավտորիտարիզմը ձախողվելու է»,- ասել է Ջիմմի Քարտերի նախկին խորհրդականը:
Որպես օրինակ Բժեզինսկին ներկայացրել Լեհաստանի օրինակը: Նա եվրամայդանը համեմատել է «Սոլիդարնոստ» շարժման հետ եւ հայտարարել, թե ուկրաինացիներն արժանի են ապրելու ինքնիշխան եւ եվրոպական Ուկրաինայում:
Նա նաեւ Ռուսաստանի նախագահին կոչ է արել զերծ մնալ ուժային լուծումից: «Պուտինի գումարները վերջանում են: Ըստ ամենայնի, նա հարկադրված է լինելու ճգնաժամի հետեւանքները հաղթահարել: Կա սահման, թե որքան կարող է օգնել Յանուկովիչին»,- ասել է Բժեզինսկին:




























