Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Բաքվում հայերի ջարդերի 24-րդ տարելիցի կապակցությամբ:
«Անցած 20-րդ դարը մարդկությանը հիշվեց ոչ միայն որպես առաջընթացի եւ գիտատեխնիկական հեղափոխության դար, այլեւ մեզ որպես բեռ թողեց երկու սարսափելի ցեղասպանություն՝ հայերի եւ հրեաների, եւ երկու աշխարհամարտեր: դարեվերջը նշանավորվեց ԽՍՀմ փլուզմամբ, որը ծանր փորձությունների փուլ դարձավ բազմաչարչար հայ ժողովրդի համար: Ադրբեջանում կազմակերպվեց եւ իրականացվեց հայերի նոր ցեղասպանություն, որի ցավալի խորհրդանիշները դարձան Սումգայիթը, Կիրովաբադն ու Բաքուն: Բաքվում հայկական ջարդերի շաբաթը (հունվարի 13-20) ավելի զանգվածային եւ լայնածավալ էր, քան Սումգայիթի ջարդերը»,- նշում են հայտարարության հեղինակները:
Նշվում է, որ ջարդերը վերաբերել են ոչ միայն հայերին, այլեւ այլ ազգերի եւս:
«Միայն 7 օր անց, խորհրդային իշխանության սպառնացող վտանգը հաշվի առնելով, զորքեր մտցվեցին Բաքու, որոնք կոշտ դիմադրություն ցույց տվեցին ջարդարարներին: Մարդասիրության սկզբունքների ցինիկ արհամարհանք է ջարդարարներին Ադրբեջանի հերոսներ հռչակելն ու «Հունվարի 20-ի շահիդներ կոչելը»: Եւ այսօր հունվարի 20-ը Ադրբեջան պետությունում հակահայկական եւ հակառուսական քարոզչության պաշտոնական օրն է»,- նշել են հայտարարության հեղինակները:




























