Ուկրաինայում խնդիրները խաղաղ լուծելու համար բոլոր հնարավորությունները սպառված են: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, «Իրավիճակը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Նրա խոսքով, իհարկե, բոլորին մտահոգում է Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը: Ինչ վերաբերում է հետագ հնարավոր իրադարձություններին, նախկին դեսպանն ընդգծեց, որ դրանք առավելապես կախված են երկրի իշխանությունների քայլերից:

Անդրադառնալով իշխանության ներսում պառակտման հնարավորությանը, նա նշեց. «Այս դեպքում իշխանությունը բավարարված է իր ռեսուրսներով, ինչը շատ վտանգավոր է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչի է հանգեցնում գործընթացների թերագնահատումը: Կարծում եմ, որ գործ ունենք երկու Յանուկովիչների հետ. Մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովը Յանուկովիչի հետ կարելի էր խոսել եւ պայմանավորվածության հասնել, իսկ հիմա մենք գործ ունենք այլ Յանուկովիչի հետ, որը պայմանագիր ստորագրեց Ռուսաստանի հետ եւ որոշակի ծրագրերի իրականացման համար ֆինանսական օժանդակություն ստացավ, որոնց մասին մանրամասներ գիտի միայն ինքը»: