«Տնտեսական աճը, գնաճի զսպումն ու փոխարժեքի կայունությունը միաժամանակ ապահովել հնարավոր չէ»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, հավելելով, որ եթե կառավարությունը ցանկանում է, որ տնտեսությունը զարգանա, ապա պետք է գնաճ լինի եւ փոխարժեքն էլ բարձրանա: «Իսկ եթե զսպվում է գնաճը, տնտեսությունն էլ չի զարգանում եւ փոխարժեքն էլ կայուն է մնում»,- ասաց նա:

Վ. Խաչատրյանի ներկայացմամբ, ներկայումս ԿԲ-ն իր կարեւորագհույն խնդիրը համարում գնաճի զսպումը` ի վնաս տնտեսության զարգացման: Գնաճը զսպելու համար, ըստ նար, ԿԲ-ն կրճատել է կանխիկ դրամի քանակությունը, դրամական բազան, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, իսկ դա խեղդում է տնտեսությանը: «Ստացվում է, որ տնտեսական աճին խոչընդոտել են, իսկ գնաճի զսպման հարցն էլ չեն կարողացել լուծել: Այսինքն եկել է մի հակասական վիճակ, որի բանալին մեկն է. պետք է ունենալ մի այնպիսի տնտեսություն, որտեղ կա մրցակցություն, որտեղ գները պետք է ձեւավորվեն ոչ թե Սերժ կամ Տիգրան Սարգսյանների կաբինետներում, այլ շուկայում, որտեղ գերիշխող դիրք պետք է ունենա ոչ թե խոշոր բիզնեսը, այլ փոքր ու միջին բիզնեսը»,- կարծիք հայտնեց տնտեսագետն ու հավելեց. «Այսօրվա տնտեսության տրամաբանությունն ուղղված է մեկ բանի. Հարստացնել հարուստներին, օգտվելու հնարավորություն տալ օլիգարխներին եւ նոր բնագավառներ մենաշնորհացնել: Իսկ նման պայմաններում զարգացում չի կարող լինել»: