Կենսաթոշակային փոխանցումները չեն կարող որեւէ կերպ չհարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կենսաթոշակային փոխանցումները պետք է ինչ-որ փուլից սկսած հարկվեն, ուղղակի կան տարբեր մեխանիզմներ: Որեւէ տեղ պրկտիկա չկա, որ դրանք ընդհանրապես չհարկվեն»,-հայտարարել է Ասատրյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար ընտրվել է TEE (taxed, exempt, taxed) մոդելը, որպես ամենանպատակահարմար:

Նշենք, որ թեեւ արտոնյալ փոխանցումների պրակտիկան քիչ է տարածված Եվրոպայում, այն, այնուամենայնիվ, կիրառվում է. եվ եկամտի ստացման, եւ կենսաթոշակային փոխանցումների, նաեւ թոշակի ստացման փուլերում: Այդ մասին են վկայում EFRP կայքի տվյալները, որոնք միավորում են Եվրոպայի երկրների կենսաթոշակային հիմնադրամների ասոցիացիաները:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների դեմ հադես եկող «Դեմ եմ» շարժման ակտիվիստները նշում են, որ աշխատավարձի 5 տոկոս փոխանցումները վերաբերում են անվանական («կեղտոտ») աշխատավարձին (նախքան եկամտահարկի մուծումը), իսկ վճարումները կատարվում են միայն «մաքուր» աշխատավարձից, եւ այդ դեպքում վճարումը կազմում է 6,6-ից մինչեւ 13 տոկոս:

«Պատասխանն այն է, որ կենսաթոշակային փոխանցումները պետք է ինչ-որ փուլում հարկվեն: Դուք հո չե՞ք ուզում, որ ձեզ հարկեն այն ժամանակ, երբ արդեն կենսաթոշակառու կլինեք: Մենքկարծում ենք, որ ճիշտ կլինի դա անել սկզբում»,-հայտարարել է նախարարը: