Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ժնեւ-2 խորհրդաժողովին հրավիրված են Սիրիայի անմիջական հարեւան երկրները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, G-8 եւ G-20 անդամ պետություններ, դոնոր պետություններ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի՝ ի պատասխան հարցի, թե արդյոք Հայաստանը հրավիրվա՞ծ է վաղը՝ հունվարի 22-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Ժնեւում մեկնարկող համաժողովին:

«Համաժողովին հրավիրված է նաեւ Արաբական պետությունների լիգայի եւ ԻՀԿ գլխավոր քարտուղարները եւ ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը»,-ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն այս համաժողովին անդրադառնալով Facebook-ի իր էջում գրել էր. «Հունվարի 22-ին Սիրիայի հարցով շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի կունենան Ժնեւ-2 բանակցությունները, որին ի լրումն հակամարտող կողմերի՝ բանակցություններին մասնակցում է 39 երկիր: Ուշագրավ է, որ այնտեղ են նաեւ Սիրիայից աշխարհագրորեն եւ ոչ միայն աշխարհագրորեն այնպիսի հեռու պետություններ, ինչպիսիք են Մեքսիկան, Լյուքսեմբուրգը, Հարավային Կորեան, Իտալիան, Բրազիլիան: Հայաստանը ցուցակում չկա: Հարց է ծագում՝ ինչո՞ւ»: