Հունաստանը, որպես Եվրամիության խորհրդում նախագահող երկիր, ամբողջությամբ պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար ընդունելի եւ խաղաղ կարգավորման հասնելու հարցում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար եւ փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսը:

Նրա խոսքով՝ հակամարտությունների խաղաղ կարգավորումը Հունաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքն է, որին հավատարիմ է նաեւ Եվրոպան:  Նա նշել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում:

Վենիզելոսի խոսքով՝ Եվրոպական միությունը շահագրգռված է ԼՂ խնդրի լուծմամբ, որը երեւում է ԵՄ-ի՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի նշանակումից: «Այդ համատեքստում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարող է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ խնդրի լուծման հարցում առաջընթացի հասնելու համար ընդունելի միջավայր ստեղծելու եւ լարվածությունը վերացնելու հարցում»,-ասել է հույն նախարարը: Նրա ներկայացմամբ՝ Հունաստանը հանդես է գալիս անաչառ միջնորդի դերում, որը պաշտպանում է ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի շրջանակներում հակամարտությունների լուծմանն ուղղված նախաձեռնությունները: