2013թ. Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցառումներին: Այդ մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:
Ըստ այդմ, նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի 29-րդ նախարարական համաժողովին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով:
Նոյեմբերի 14-16-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ) 33-րդ գլխավոր համաժողովին:
Սեպտեմբերի 5-15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացել են Ֆրանկոֆոնիայի 7-րդ խաղերը, որին մասնակցել է 40-ից ավելի մարզիկներից կազմված հայկական պատվիրակությունը` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի գլխավորությամբ:
Նոյեմբերին Երեւանում կայացել է Սենգորի անվան ամբիոնների միջազգային ցանցի «Ֆրանսերենի եւ ֆրանսերենով դասավանդման հեռանկարները Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում» գիտաժողովը։
2013թ.-ին հիմնվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:




























