Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: Դրանով է բացատրվում նաեւ, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2 %-ով, դրա հետ մեկտեղ՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 16,7%-ով: Հայտնաբերվել է զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 2,4 %-ով ավելի): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն: Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 11,5 %-ով: Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող եւ հետախուզվող անձանց 33 %-ը՝ 2012 թ. 31,6 %-ի դիմաց: Ոստիկանությունը խիստ կարեւորում է նաեւ ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը: Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը: 2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները եւ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:
Կոլեգիայի նիստն ավարտվեց ՀՀ ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում եւ տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ: 2013 թ. լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի եւ Գավառի բաժինները: Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր եւ արժանացան դրամական խրախուսանքի:




























