Հայաստանը 2013թ. շարունակել է զարգացնել հարաբերությունները Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների երկրների հետ: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ 2013թ. հաշվետվության մեջ:
2013թ. հիմնադրվել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը: Ապրիլի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի կառավարության հատուկ բանագնաց Դիպակ Օբրայի գլխավորած պատվիրակությանը: 2013թ. սեպտեմբերի 23-27-ին Հայաստան եւ Արցախ է այցելել Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը:
Շարունակել են ակտիվանալ լատինաամերիկյան պետությունների հետ Հայաստանի հարաբերությունները: Նոյեմբերի 18-26-ը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա, որտեղ հանդիպումներ են կայացել այդ երկրների խորհրդարանների ղեկավարների եւ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ Է ունեցել Չիլիի ԱԳ նախարար Ալֆրեդո Մորենո Չարմեի, Պանամայի ԱԳ նախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի, Կոլումբիայի ԱԳ նախարար Մարիա Անխելա Օլգինի հետ: Ապրիլին Երեւան է այցելել Արգենտինայի փոխնախագահ եւ Սենատի նախագահ Ամադո Բուդուն:
Հոկտեմբերի 17-19-ը Երեւանում տեղի է ունեցել հայ-արգենտինյան գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Արգենտինայի արտաքին առեւտրի քարտուղար Բեատրիս Պագլիերին: Նոյեմբերի 9-17-ը ՀՀ-ում էր գտնվում Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Զբոսաշրջության եւ Սպորտի նախարար հայազգի Լիլիամ Քեշիշյանը, որին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մարտի 11-ին եւ նոյեմբերի 15-ին Երեւանում տեղի են ունեցել խորհրդակցություններ համապատասխանաբար Հայաստանի եւ Բրազիլիայի ու Հայաստանի եւ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ:




























