Չնայած Հալեպի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, Երեւանում «Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերության ներկայացուցչությունը դեռ պաշտոնապես ծանուցում չի ստացել Երեւան-Հալեպ չվերթի վերսկսման հնարավորության մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է երեւանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Հալեպի հետ ավիահաղորդակցությունը դադարեցվել է մեկուկես տարի առաջ, իսկ այլ քաղաքներ մեկնելու հնարավորություն չի եղել 2013թ. հուլիսից: Որպես այլընտրանք օգտագործվում էր Դամասկոս-Էլ Ղամիշլի-Երեւան չվերթը, սակայն առաջին չվերթը կայացել է ապրիլի 16-ին, երկրորդը՝ հուլիսի 5-ին, իսկ դրանից հետո Հայաստանի եւ Սիրիայի ավիահաղորդակցությունը դադարեցվել է:
Նշենք, որ ընդդիմության գրոհայիններից հարակից տարածքները մաքրելուց հետո Հալեպի օդանավակայանաը հունվարի 22-ին վերսկսել է աշխատանքը:




























