Հայաստանի ԱԳՆ-ն 2013թ. քայլեր է ձեռնարկել սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:

Չնայած արաբական մի շարք երկրներում շարունակվող ներքին անկայունությանը՝ տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել այդ երկրների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների պահպանման եւ զարգացման ուղղությամբ:

Նկատի ունենալով Սիրիայում ծավալվող իրադարձությունները, շարունակվող բախումները եւ խորացող հումանիտար ճգնաժամը՝ Հայաստանը տարբեր ուղղություններով եւ մակարդակներով քայլեր է ձեռնարկել սիրիահայության անվտանգության ապահովման եւ պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում էր Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նոյեմբերի 5-8-ը Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Իրաքի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ռոժ Նուրի Շաուեյսի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 2-4-ը կայացել է Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարիի պաշտոնական այցը Երեւան: Այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Հուլիսի 5-ին մեկնարկեցին լիբանանյան Middle East Airlines ավիաընկերության Բեյրութ-Երեւան-Բեյրութ կանոնավոր չվերթները: Հոկտեմբերի 7-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ:

Հունիսին ստորագրվել է «ՀՀ եւ Հորդանանի կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը:

Մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի աշխատանքային այցը Քուվեյթի Պետություն:

Մայիսի 29-ից հունիսի 2-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ, ՀՀ եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի այցը Աբու Դաբի:

Մարտի 20-21-ը տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի այցը Քաթարի Պետություն:

2013 թ. հունիսին վերաբացվել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանությունը: