Հայաստանը 2013թ. ընթացքում հետեւողականորեն ամրապնդել է հարաբերությունները Չինաստանի հետ:  Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:

Սեպտեմբերի 11-13-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՉԺՀ Դալիան քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովին: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ: Ստորագրվել են ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության, տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերը, արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-չինական համագործակցության մասին հուշագիրը: Այցի շրջանակներում ՉԺՀ Ձյանսու նահանգի Թայճոու քաղաքի Global Purchasing Center ցուցահանդեսային կենտրոնում կայացել է հայկական ապրանքատեսակների ցուցադրության բացումը:

Հուլիսի 25-26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Չինաստան: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ Նախարարը հանդիպումներ է ունեցել Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի եւ ՉԺՀ ԱԳ Նախարար Վան Յիի հետ: Այցի ընթացքում ստորագրվել են ՀՀ եւ ՉԺՀ ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների մասին արձանագրությունը եւ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի միջեւ համագործակցության վերաբերյալ հուշագիրը։

Դեկտեմբերի 10-17-ը Չինաստան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Պեկինում կայացել է հայ-չինական միջկառավարական առեւտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը։

Դեկտեմբերի 4-7-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը այց է կատարել Հնդկաստանի Հանրապետություն, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի Հանրապետության Նախագահի, խորհրդարանի երկու պալատների խոսնակների եւ ԱԳ նախարարի հետ:

Սեպտեմբերի 25-26-ին Դելիում կայացել են հայ-հնդկական միջկառավարական առեւտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը եւ քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի եւ Հնդկաստանի ԱԳՆ-երի միջեւ։

Հոկտեմբերի 29-31-ը Հայաստան է այցելել Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությունը։

Շարունակվել են քայլերը Ճապոնիայի հետ համակողմանի համագործակցության խորացման ուղղությամբ։ Փետրվարի 1-ին Երեւանում տեղի են ունեցել ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցություններ։ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանում դեսպանատուն բացելու մասին։

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի այցը Հայաստան, որի ընթացքում նա ստացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակը:

Դեկտեմբերի 3-ին Հայաստան է այցելել Նոր Զելանդիայի վարչապետի հատուկ բանագնացը: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հետ:

2013թ. Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վանուատուի, Մյանմարի, Սվազիլենդի, Ուգանդայի, Մավրիկիոսի հետ։ Հայաստանի դեսպանություններ են հիմնադրվել Վիետնամում եւ Ինդոնեզիայում։