2013թ. հետեւողական քայլեր են ձեռնարկվել Բելառուսի հետ համագործակցության առկա ծրագրերի իրականացման եւ դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:
Մայիսի 12-14-ը տեղի է ունեցել ԲՀ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում ստորագրվել է երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը նպատակաուղղված հինգ համաձայնագիր:
Սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների հերթական գագաթաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ եւ ԲՀ Նախագահների հանդիպումը:
Զարգացում է ապրել միջխորհրդարանական համագործակցությունը: Հուլիսի 11-13-ը Մինսկում անցկացվել է ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջեւ միջխորհրդարանական համագործակցության Հանձնաժողովի 7-րդ նիստը:
Ապրիլի 9-ին ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու առիթով Հայաստան է ժամանել ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վ.Անդրեյչենկոն:
Մայիսի 31-ին Մինսկում եւ նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակներում կայացել են ՀՀ եւ ԲՀ վարչապետներ Տ. Սարգսյանի եւ Մ.Մյասնիկովիչի հանդիպումները: Սեպտեմբերի 12-ին կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւանում աշխատանքային այցով գտնվող Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեի հանդիպումը: Տարվա ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել նաեւ բազմակողմ ձեւաչափով: Օգոստոսի 27-28-ը Երեւանում անցկացվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը Ապրիլի 18-ին Երեւանում կայացել են Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարությունների միջեւ հերթական խորհրդակցությունները:
Կայացել են փոխայցելություններ նաեւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով, շարունակվել է հայ-բելառուսական համագործակցության խորացումը մշակութային, գիտական եւ կրթական ոլորտներում: Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Բելառուսում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրերը:
Տարվա ընթացքում հետեւողական քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա խորացման եւ ընդլայնման, նոր համատեղ ծրագրերի մշակման եւ դրանց իրագործման ուղղությամբ:
Հուլիսի 15-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարային, տեղի է ունեցել Լեոնիդ Կոժարայի հանդիպումը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հունիսի 21-ին Օդեսայում ՍԾՏՀ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի ԱԳ նախարարի Լեոնիդ Կոժարայի հետ: ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ միջազգային համաժողովների շրջանակներում:
Նոյեմբերի 7-8-ը Կիեւում անցկացվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը: Հաշվետու տարում կայացել են փոխայցելություններ նաեւ տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակներով:
2013թ. ձեռնարկվել են քայլեր Հայաստանի եւ Մոլդովայի միջեւ հարաբերությունների հետագա խորացման ու զարգացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղությամբ:
Հուլիսի 11-ին կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Մոլդովա, որի արդյունքում ստորագրվել է երկու համաձայնագիր: Փետրվարի 13-ին Թբիլիսիում «Արեւելյան գործընկերության» նախարարական հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄՀ փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրացիայի նախարար Յուրի Լյանկեի հետ:
Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Քիշնեւում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի նախարար Նատալյա Գերմանի հետ։ Նախարարների հանդիպումներ են կայացել հունիսի 21-ին Օդեսայում ՍԾՏՀԿ նախարարների խորհրդի նիստի, սեպտեմբերի 12-ին Երեւանում Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում:
2013թ. շարունակվել է հայ-թուրքմենական բարեկամական կապերի հետեւողական զարգացումը: Սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։
Հոկտեմբերի 2-3-ը Աշխաբադում կայացել է հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 5-րդ նիստը։ Հոկտեմբերի 3-ին տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջեւ:
Շարունակվել է համագործակցությունը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ: Նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովի հետ: Հոկտեմբերի 24-25-ը Երեւանում կայացել է Հայ-ղազախական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը:
Ապրիլի 5-ին Տաշքենդում ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, ինչպես նաեւ մայիսի 27-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստերի շրջանակներում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ղրղզստանի ԱԳ նախարար Էռլան Աբդիլդաեւի հետ:
Հաշվետու տարում ձեռնարկվել են քայլեր հայ-ուզբեկական հարաբերություններն աշխուժացնելու ուղղությամբ: Ապրիլի 5-ին Տաշքենդում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ:




























