Միացյալ Նահանգների քաղաքացու՝ անգլերենի նախկին մի ուսուցչի, որին մեղադրում են դեռահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու, դրանք նկարահանելու և համացանցի միջոցով տարածելու մեջ, այսօր՝ հունվարի 22-ին Հայաստանից վտարվել է՝ փոխանցվելով Հարավային Կորեայի իշխանություններին:

«Ամերիկայի ձայնը», վկայակոչելով Korea Times պարբերականը,hայտնում է, թե 29-ամյա ամերիկացին Հարավային Կորեա էր ժամանել 2009 թվականի մայիս ամսին և անգլերեն լեզու էր դասավանդում մայրաքաղաք Սեուլից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դեյջուն քաղաքում: Նա սեռական հարաբերություններ էր ունեցել 15-ամյա մի աշակերտուհու հետ, որի հետ ծանոթացել էր համացանցի միջոցով, և 2010 թվականին համացանցում հրապարակել էր սեռական այս ակտի տեսագրությունը:

Երբ լրատվամիջոցները 2010 թվականի հոկտեմբերին տեղեկացել էին այդ մասին և հաղորդագրություններ հրապարակել, ամերիկացին Հարավային Կորեայից տեղափոխվել էր Չինաստան, որից հետո հայտնվել էր Հայաստանում, որտեղ ձերբակալվել էր Ինտերպոլի կողմից՝ մանկական պոռնոգրություն տարածելու համար:

Կորեայի իշխանությունները, Հայաստանի իշխանությունների հետ վարել են ԱՄՆ քաղաքացուն իրենց փոխանցելու մասին բանակցություններ: Դեպի Հարավային Կորեա Հայաստանից չվերթների բացակայության պատճառով վերջինիս անհրաժեշտ եղավ տեղափոխել ԱՄԷ-ի միջոցով:

Հարավային Կորեայի  արդարադատության նախարարության համաձայն, ԱՄՆ քաղաքացու նկատմամբ քրեական հետաքննությունը կսկսվի այն ժամանակ, երբ վերջինս ժամանի Հարավային Կորեա:

«Ազատազրկելուց հետո այդ մասին կտեղեկացնեն ԱՄՆ դեսպանությaնը, որը կստուգի, թե արդյոք նրա նկատմամբ ցուցաբերվում է արդար վերաբերմունք», - նշել է Հարավային Կորեայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը: