Երեւանում, հունվարի 22-ին սպանություն է տեղի ունեցել, որի մեջ կասկածվում է 16-ամյա պատանին:

Նշենք, որ հունվարի 22-ին Երեւանի Լեոյի փողոցի 70 տան բնակիչ 70-ամյա Ամալյա Սարգսյանին հարեւանները հայտնաբերել են տանը մահացած ու զանգահարել ոստիկանություն: Ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու տարեց կնոջ դեմքին ծնոտի շրջանում հայտնաբերել քերծվածքներ:

Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա մի պատանի: 

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երեւան քաղաքի վարչության եւ կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր՝ հունվարի 23-ին Ամալյա Սարգսյանին սպանելու կասկածանքով բաժին է ներկայացել 16-ամյա Ա. Ք-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ա.Ք-ն ձերբակալվել է, կատարվում է քննություն: