Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասոցացված անդամակցության ձեւաչափն իր արժանապտվությունից ցածր է համարել:
Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շուրջ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում կրտսեր Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը չի դիտարկում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունը, սակայն կարող է քննարկել ռազմավարական համագործակցության տարբերակ:
«Ոչ, չենք ծրագրում: Ես համարում եմ, որ Ադրբեջանի ու Եվրամիության միջեւ փոխհարաբերությունների մակարդակն ավելի խոր համագործակցություն է պահանջում, քան ասոցացումն է: Եվ հետո, «ասոցացիան» այդքան էլ ընդունելի չէ մեզ համար: «Ասոցացված անդամն» ինչպիսի՞ գործընկեր կարող է լինել: Այստեղ չկա հստակ սահմանում: Ադրբեջանը բոլոր առումներով ինքնաբավ երկիր է՝ թե քաղաքական, թե տնտեսական առումներով: Յուրաքանչյուր տեսակի ինտեգրացման գործընթացի մասնակցել պետք է հավելյալ արտոնություններ ստանալու համար: Ասոցացման ծրագրի շրջանակներում մենք դա դեռ չենք տեսնում»,- հայտարարել է Ալիեւը: «Եթե համագործակցության այլ տեսակներ լինեն, ինչպես օրինակ ռազմավարական համագործակցությունն է, ապա, իհարկե, մենք դա կարող ենք քննարկել»,- հավելել է նա:
Այս պահին Ադրբեջանի եւ ԵՄ հարաբերությունները կառուցվում են գործընկերության ու համագործակցության մասին համաձայնության հիման վրա, որը կնքվել է 1996թ.-ին Լյուքսեմբուրգում եւ ուժի մեջ մտել 1999թ.-ից: Բաքուն նույնպես ընդգրկված է ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մեջ, սակայն Հայաստանի եւ Ուկրաինայի նման առաջ չի գնացել: Առայժմ ասոցացված անդամակցոթյան հարցը չի դիտարկվում, իսկ Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչն իրեն չեն առաջարկել:
Ընդհանուր առմամբ ադրբեջանական պետության ղեկավարի հայտարարությունը հիշեցնում է ոսկե ձկնիկի եւ ագահ պառավի մասին հեքիաթը: Ալիեւին ոչինչ չի բավարարում:




























