Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ելույթ ունենալով Դավոսում, Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ է համարել: Նրա խոսքով՝ ներկայումս իշխանությունների դեմ հանդես է գալիս ոչ թե ընդդիմությունը, այլ «գրոհայինները»:
Լրագրողների հարցին, թե որքանով են ընդդիմության գործողությունները խանգարում իշխանությունների աշխատանքին, Ազարովը պատասխանել է. «Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում, եթե կառավարության շենքը շրջափակման մեջ է, գրավված է Լվովի մարզային վարչակազմի շենքը: Մեր դեմ գործում է ոչ թե ընդդիմությունը, այլ գրոհայինները: Դրանք պետք է տարանջատել: Պետական հեղաշրջման իսկական փորձ է իրականացվում, եւ բոլոր նրանք, որոնք պաշտպանում են այդ հեղաշրջումը, պետք է հստակ ասեն. «Այո, մենք կողմ ենք Ուկրաինայում օրինական իշխանության տապալմանը, ոչ թե փորձեն թաքնվել խաղաղ ցուցարարների թիկունքում:
Սահմանագիծն արդեն անցել են այն պահից, երբ սկսեցին «Մոլոտովի կոկտեյլներ» օգտագործել եւ գրավել պետական շենքերը»:
Նա նաեւ վստահ է, որ Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններն այս պահին բացարձակապես իրական չեն: «Բացարձակապես իրական չեն, որովհետեւ ըստ մեր երկրի Սահմանադրության մեկ տարի էլ չանցած սկսվում են հերթական ընտրությունները: Ի՞նչ եք կարծում, կարելի է այդպիսի պայմաններում ընտրություններ անցկացնել, երբ Կիեւի կենտրոնը, փաստացի, գրոհայինների ձեռքում է: Ինչ ընտրությունների մասին է խոսքը, երբ անկարգություններ են տեղի ունենում»,-ասել է նա՝ հավելելով, որ սկզբի համար պետք է կայունացնել իրավիճակը երկրում եւ վերադառնալ նորմալ կյանքի, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:




























