Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է հունվարի 2-ին, եվրոմայդանում զոհված ակտիվիստների մարմինների փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր քննչական վարչության պետի առաջին տեղակալ Վիտալի Սակալը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԲԿ Ուկրաինան»:
Նրա խոսքով՝ ՆԳՆ-ում հաստատել են երկու անձանց մահվան փաստը: Առաջին դեպքում խոսքը Ուկրաինայի քաղաքացի 20-ամյա Սերգեյ Նիգոյանի մասին է, երկրորդում՝ Բելառուսի քաղաքացի 25-ամյա Միխայիլ Ժիզնեւսկիի մասին:
Փորձագետները պարզել են, որ երկու երիտասարդները զոհվել են հրազենային վնասվածքներից, հաղորդում է «Ֆոկուսը»:
Նիգոյանի մոտ հայտնաբերվել են կրծքավանդակի երկու կույր վնասվածքներ, որից վնասվել են նրա թոքերն ու սիրտը, ինչպես նաեւ չթափանցող վնասվածք քունքի մոտ:
Ժիզնեւսկիի մահը վրա է հասել կրծքավանդակի թափանցող հրազենային վնասվածքից, որի հետեւանքով վնասվել է նրա աորտան:
«Գնդակները, որոնցից մարմնական վնասվածքներ են ստացել զոհվածները, ՆԳՆ ստորաբաժանումների սպառազինության մեջ չեն օգտագործվում: Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները եւ ներքին զորքերի զինծառայողները, որոնք հասարակական կարգի պահպանություն են իրականացնում, այնտեղ են գտնվում առանց տաբելային հրազենի»,-ընդգծել է Սակալը:
Ոստիկանությունը շահագրգռված է այդ հանցագործությունների բոլոր հանգամանքների պարզմամբ, քանի որ արդեն հաստատվել է, որ զոհերի մարմինները տեղաշարժել են, իսկ դեպքի ականատեսները բացակայում են:
ՆԳՆ-ն հայտարարում է, որ ցուցարարները խանգարում էին ոստիկանության քննչական օպերատիվ աշխատանքին, փորձում էին խլել տեսախցկիը, որով նկարահանվում էր տարածքը եւ այլն:




























