Շուտով Հայաստանում քաղաքական երկրաշարժ է լինելու: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Հունվարի 18-ի ակցիան ապացուցեց, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Իշխանությունը չի կարող չհասկանալ, որ աճող բողոքը կուտակում է երկրաշարժի էներգիան, եւ շատ շուտով երկրաշարժ է լինելու»:

Քաղաքագետը Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունները համեմատում է Ուկրաինայում բողոքի ալիքի հետ: Երկու ժողովուրդներն էլ դժգոհ են նախագահների որոշումից` միանալու Մաքսային միությանը. «Յանուկովիչն ու Սարգսյանը շատ լավ հասկանում էին, որ նման անակնկալ որոշումն ալեկոծություն կառաջացնի: Հետխորհրդային բոլոր երկրներում է այժմ լարված»:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` Ուկրաինայում կատարվող իրադարձություններն ու հայկական սահմաններին` ադրբեջանական կողմի կրակոցներն ապացույցն են այն բանի, որ տարածաշրջանում իրավիճակն իսկապես լարված է:

Լրագրողների այն հարցին` արդյոք ադրբեջանական կողմի կրակոցները կապված են այսօր կայանալիք արտգործնախարարների հանդիպման հետ, քաղաքագետը պատասխանեց. «Ադրբեջանը նորից ցույց է տալիս, որ ուժով է լուծելու Ղարաբաղյան հարցը: Նալբանդյանն այս հանդիպմանը չմասնակցել չի կարող, սակայն մասնակցելով էլ նվաստանում է»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am