Առեւտրա-տնտեսական հարաբերությունների ծավալն ամենաթույլ օղակն է Հայաստանի եւ Հնդկաստանի հարաբերություններում: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
Այս պահի դրությամբ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 75-80 մլն: «հաշվի առնելով պոտենցիալը՝ դա շատ փոքր թիվ է»,- ընդգծել է դեսպանը: Նա մատնանշել է մի քանի գործոններ, որոնք պայմանավորում են ստեղծված իրավիճակը:
Որպես կարեւորագույն խոչընդոտ հնդիկ դիվանագետը նշել է երկրների միջեւ ուղիղ հաղորդակցության բացակայությունը: Մի քանի տարի առաջ ուղիղ չվերթ կար, այժմ այն չկա: Եւ դա լուրջ խոչընդոտ է: Սակայն ուղիղ հաղորդակցության վերսկսման հարցը քննարկվում է: Կողմերը փորձում են ելք եւ հնարավորություն գտնել ուղիղ հաղորդակցությունը վերականգնելու»,- նշել է դիվանագետը:
Սուրեշ Բաբուի խոսքով, հնդկական կողմը տեղյակ է Հայաստանի կառավարության կողմից բաց երկնքի քաղաքականության մշակման մասին. «Ուսումնասիրում ենք այդ քաղաքականության մեջ ներառված դրույթները»: Դեսպանը հույս է հայտնել, որ ուղիղ հաղորդակցությունը թույլ կտա ավելացնել ապանքաշրջանառությունը:




























