Առաջիկայում Հայաստան կայցելի ներկայացուցչական պատվիրակություն Հնդկաստանից: Պատվիրակության կազմում ընդգրկված են դեղագործական ոլորտի 35 ներկայացուցիչներ: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
Նրա խոսքով, պատվիրակության այցը կարեւոր իրադարձություն կդառնա երկկողմ համագործակցության զարգացման իմաստով: «Մեզ նաեւ հայտնի է, որ հայկական ընկերությունները շահագրգիռ են հնդկական դեղամիջոցների ներկրման մեջ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ պատվիրակության նպատակն է ուսումնասիրել համատեղ ձեռնարկություն ստեղծելու պոտենցիալն ու հնարավորությունները, որը կարող է բավարարել ոչ միայն հայկական շուկան, այլեւ հարեւան երկրների շուկաները: Հնդկական պատվիրակության եւ հայ գործարարների հանդիպումը լինելու է բաց եւ կայանալու է փետրվարի 3-ին, «Անի» հյուրանոցում:




























